ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է

Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է
28.09.2014 | 23:49

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 28-ը հռչակել է որպես կատաղության դեմ պայքարի օր:
Կատաղություն հիվանդությունն առողջապահության կարևոր հիմնախնդիրներից է: Կատաղության դեմ պայքարի և կանխարգելման Ալյանսի տվյալների համաձայն՝ ամեն տարի աշխարհում կատաղություն հիվանդությունից մահանում է 55000 մարդ, այն է՝ 10 րոպեում 1 մարդ: Հիվանդության առավել մեծ թվով դեպքեր արձանագրվում են աֆրիկական և ասիական երկրներում: Արձանագրված դեպքերի 40%-ը բաժին է ընկնում մինչև 14 տարեկան երեխաներին:
Կատաղությունը (Rabies, lyssa, hydrophobia) հիմնականում, գրեթե 100%, մահացու ելքով, սուր, բնական-օջախային զոոնոզ հիվանդություն է:
Վիրուսի հիմնական պահոցը վայրի կենդանիներն են, այդ թվում` աղվեսներ, գայլեր, կրծողներ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներ, սակայն էական դերը պատկանում է շներին` որպես բնակչության համար կատաղություն հիվանդության բնական աղբյուր: Ինչքան մեծ է կենդանու շփումը մարդու հետ, այնքան մեծ է վարակման վտանգը:
Մարդու համար վարակի աղբյուր են համարվում գաղտնի շրջանում կամ կատաղության կլինիկական դրսևորումներով կենդանիները: Գաղտնի շրջանը որոշվում է վնասվածքի (կծվածի) տեղակայմամբ և ծանրությամբ: Այն կարող է ընթանալ մի քանի օրից մինչև 1 տարի և ավելի:
Վարակի փոխանցման մեխանիզմը մարդու անմիջական շփումն է վարակի աղբյուրի հետ (մաշկի կամ լորձաթաղանթների ամբողջականության խախտում` կծելու, թքոտելու արդյունքում և այլն): Կենդանու նկատմամբ սահմանվում է 10-14 օրյա հսկողություն:
Այն դեպքում, երբ կենդանին (շուն, կատու, աղվես, գայլ, արջ, առնետ) վնասել է մարդուն և առաջացել է մաշկի ամբողջականության խախտում, անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության` համապատասխան կանխարգելիչ պատվաստումներ կազմակերպելու և իրականացնելու համար:
Կենդանու կողմից տուժելիս մի քանի ժամ հետո վերքի մշակումը և կանխարգելիչ պատվաստումները կարող են կանխել կատաղության հիվանդության առաջացումը և մահվան ելքը:
Հակակատաղության պատվաստումներն իրականացվում են սահմանված կարգով թույլատրված իմունակենսաբանական պատրաստուկներով:
Հայաստանի Հանրապետությունում կատաղության առումով բարձր ռիսկի գոտիներ են Տավուշի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի մարզերը:
Կատաղության էպիզոոտահամաճարակային իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում եղել է համեմատաբար հանգիստ: Ինչպես վերջին մի քանի տարիների, այնպես էլ 2014 թվականի անցած ամիսների ընթացքում հանրապետությունում բնակչության շրջանում կատաղություն հիվանդության դեպքեր չեն արձանագրվել: Բնակչության շրջանում կծվածության դեպքերի նվազեցման արդյունավետ ճանապարհը թափառող կենդանիների նկատմամբ կանխարգելիչ անասնաբուժական միջոցառումների (ստերջացում, պատվաստումներ և այլն) կազմակերպումը և իրականացումն է:
Կարևորելով վերը նշվածը ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կենդանիների կողմից տուժելու դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկական օգնության:

Դիտվել է՝ 2225

Մեկնաբանություններ